Երեկ Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության վարչությունը վերջապես ընտրեց արդարադատության նախարարի թեկնածու։ Արդարադատության հաջորդ նախարարը, ըստ ամենայնի, կլինի գլխավոր դատախազի գործող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը համակարգում է դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատանքները, և հիմա շատ կարևոր է` ով կնշանակվի Սրբուհի Գալյանի զբաղեցրած պաշտոնում, քանի որ վերջինիս վրա է դրված լինելու նախընտրական տարում Փաշինյանի կազմակերպած շոուների գլխավոր սցենարիստի պարտականությունը։
Փաշինյանի` «հետ բերենք թալանը» փչացած ձայնասկավառակին դեռ մոտ 10% հավատացող կա, և վերջինս կօգտագործի այդ սցենարն իր էլեկտորատի այդ հատվածի երաշխավորված ձայների համար։ Չնայած Փաշինյանն էլ գիտի, որ ժողովրդի աչքերում ինքը և իր թիմը, որ իշխանազավթմամբ պաշտոնավարում են 2018 թվականից, արդեն ոչ միայն նախկին են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում ձախողված, այլև մինչև ականջները խրված են կոռուպցիայի մեջ: Բայց, միևնույն է, այդ փչացած ձայնասկավառակից դեռ օգտվելու է, շոուներ են բեմադրվելու, առավել ևս, որ տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, և պետական բյուջեն չեն կարողանում լցնել…
Վերադառնանք ՔՊ վարչության երեկվա նիստին։
Վարչության դատին վերջնարդյունքում (քանի որ ՔՊ-ում թեկնածուներն այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէր արձագանքել յուրաքանչյուր նոր մարդու ի հայտ գալուն.- Գ.Ս.) ներկայացված էր 4 թեկնածու` Միջազգային իրավական հարցերով ՀՀ գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյան, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, արդարադատության գործող փոխնախարար Արմենուհի Հարությունյան, ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյան։
Փաշինյանն անմիջապես սրահ մտնելով` ցույց է տվել` ով է իր ֆավորիտը։ Վերջինս, նախ, ընդհանուր բարևել է ՔՊ վարչության նիստին ներկա գտնվողներին, ապա առանձնահատուկ` Սրբուհի Գալյանին։
«Բարև, Սրբուհի, ինչպե՞ս ես»,- 168.am-ի տեղեկություններով` ասել է Փաշինյանը` դրանով իսկ հասկացնելով` ում պիտի ընտրեն։
Թեպետ եղել են թեկնածուների ելույթներ, բայց արդյունքում Սրբուհի Գալյանի օգտին` որպես ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու, ՔՊ-ականները քվեարկել են միաձայն։
Դժվար էր, իհարկե, հավատալ, որ Եղիշե Կիրակոսյանն ու երբեմնի «հզոր» Գագիկ Ջհանգիրյանը ՔՊ վարչության նիստին ներկա կլինեն Գալյանի համար ֆոն ապահովելու համար, բայց նման զարգացում մենք կանխատեսել էինք։
Գագիկ Ջհանգիրյանի ու հատկապես արդարադատության նախարարության համակարգում մեծ փորձառություն ու բազային լուրջ իրավաբանական գիտելիքներ ունեցող Եղիշե Կիրակոսյանի գիտելիքները, իհարկե, որևէ կերպ համեմատելի չեն Սրբուհի Գալյանի հետ, սակայն ցավալիորեն վերջինս ու նաև Գագիկ Ջհանգիրյանը, փաստորեն, համաձայնել են «проводник» լինել Գալյանի համար։ Այս պրակտիկան հիմա լայնորեն կիրառվում է Ազգային ժողովում, երբ ընտրում են, ասենք, Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այստեղ էլ ՔՊ-ականների թեկնածուին ուղեկցում են 2, հաճախ՝ բավականին լուրջ, դատավորներ` լավ իմանալով, որ իրենք չեն ընտրվելու։
Ինչևէ, Սրբուհի Գալյանը կդառնա արդարադատության նախարար, ու բարդ է ասել` սա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը, քանի որ մի կողմից՝ այս երկու կանայք, իհարկե, ատում են միմյանց և վաղուց, ու գլխավոր դատախազի համար գուցե բարեբախտություն էր Գալյանից ազատվելը, բայց մյուս կողմից՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարող է խնդիրներ առաջացնել Աննա Վարդապետյանի համար, և բացի դրանից էլ նշանակություն ունի` ով կլինի դատախազի հաջորդ տեղակալը, և ով կհամակարգի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանի համակուրսեցին է, եղել է արդարադատության փոխնախարար, երբ Բադասյանը նախարար էր, ու Աննա Վարդապետյանի խորը հակակրանքը Գալյանի ու Բադասյանի նկատմամբ գալիս է հենց այդ ժամանակներից։
Եվս մեկ արձանագրում. երեկ տապալվեց Անդրանիկ Քոչարյանի ևս մեկ թեկնածու՝ Արփի Դավոյանից ու Արմեն Խաչատրյանից հետո։ ՔՊ վերնախավը հստակ ցույց տվեց Անդրանիկ Քոչարյանի իրական դիրքը կուսակցությունում, և ինչպես երեկ ԱԺ-ում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, Անդրանիկ Քոչարյանի թեման փակ չէ նաև ԱԺ ՔՊ խմբակցությունում։
Անդրանիկ Քոչարյանին եթե պաշտոնանկ չանեն էլ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, անհրաժեշտ մեսիջը նա արդեն ստացել է։ Դեռ պարզ չէ, անշուշտ, ինչպիսին կլինի Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ամբակում Գրիգորյանի ճակատագիրը, ու կմնա՞ նա իր պաշտոնում, թե՞ չէ, կախված է բացառապես Նիկոլ Փաշինյանից, մի քիչ էլ Սրբուհի Գալյանից, բայց որ Անդրանիկ Քոչարյանի թեկնածու, ՔԿԾ ղեկավարի նախկին տեղակալ, աշխատանքի վայրը հյուրանոց դարձրած ու ներքնաշորով այնտեղ տանտիրոջ պես շրջող ու աշխատակիցներին հենց այդ տեսքով էլ ներկայացող Արտակ Հարությունյանը ՔԿԾ պետ չի դառնա, միանշանակ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը